Վայոց ձոր

Մարզկենտրոնը`   Եղեգնաձոր
Մարզի կազմավորման թիվը՝ 1996թ.
Տարածաշրջանները`   Վայքի շրջան, Եղեգնաձորի շրջան
Քաղաքային համայնքների թիվը`   3 համայնք
Գյուղական համայնքների թիվը`   41 համայնք
Ընդհանուր տարածքը`   2,308 կմ²
Բնակչության ընդհանուր թիվը (ըստ 2009թ.ի հունվարի 1-ի տվյալների)`   55,8 հզ

Ընդհանուր նկարագիր ՀՀ Վայոց ձորի մարզը շրջապատված է բարձր լեռներով, ջրբաժան լեռնաշղթաներով, որոնք, յուրահատուկ բնական պատնեշներ հանդիսանալով նրա և հարևան տարածքների միջև, այն դարձնում են աշխարհագրական մի ամբողջություն:ՀՀ Վայոց ձորի մարզն ունի կենդանական և բուսական բազմազան աշխարհ: Տարածքի 5.7%-ը կամ 13240.1 հա կազմում են բնական անտառները: Արտակարգ խայտաբղետ է մարզի մակերևույթը: Հրաբխային ուժերը, երկրաշարժերը, Արփա գետի և դրա վտակների ջրերն առաջացրել են տարբեր ուղղություններով ձգվող բազմաթիվ լեռնաշղթաներ`   մեծ ու փոքր գագաթներով, խորհրդավոր ձորեր, լեռնանցքներ, սարահարթեր, գոգավորություններ, դաշտեր, մարգագետիններ և բնական բազմապիսի կերտվածքներ, որի ամենավառ օրինակն է Ջերմուկի հիասքանչ ջրվեժը (60 մ):ՀՀ Վայոց ձորի կլիման ընդհանուր առմամբ ցամաքային է`   ցուրտ կամ չափավոր ցուրտ ձմեռներով և շոգ կամ տաք ամառներով: Օդի առավելագույն աստիճանը հարավային շրջաններում հասնում է + 41օ C-ի, իսկ բացարձակ նվազագույնը`   -35օ C-ի: Տեղումները կազմում են տարեկան 300-ից 700 մմ:Մարզի տնտեսության ընդհանուր ծավալում գերակշռողը գյուղատնտեսությունն է: Գյուղացիական տնտեսությունները հիմնականում զբաղվում են անասնաբուծությամբ, որի արտադրանքը կազմել է գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալի 63%-ը: Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալում որոշակի տեսակարար կշիռ ունեն նաև թռչնաբուծությունը, խաղողագործությունը, պտղաբուծությունը և բանջարաբուծությունը: Արդյունաբերության ոլորտում հիմնականում զարգացած են ոչ ոգելից ըմպելիքի`   «Ջերմուկ» հանքային ջրերի, ինչպես նաև խաղողի գինու արտադրությունները: Մարզում ակնհայտ են ներքին և արտաքին զբոսաշրջության զարգացման մեծ հեռանկարները։

Մարզի բնակչությունը Վայոց Ձորի մարզը աչքի է ընկնում բնակչության ոչ միայն ամենափոքր բացարձակ թվով, այլև ամենացածր խտությամբ ՀՀ-ում:Հնագիտական պեղումներով պարզվել է, որ Վայոց Ձորի տարածքը բնակեցված է եղել բրոնզի դարից սկսած: Այն նույնպես բազմիցս ենթարկվել է օտար նվաճողների ասպատակությունների ու ավերածությունների: Եղել են զանգվածային ջարդեր ու բռնագաղթեր: Փոխվել է բնակչության թվաքանակն ու կազմը: Հայ բնակչության առաջին զանգվածային վերադարձը տեղի է ունեցել 1828-1829թթ.: Արևելյան Հայաստանը միանալուց Ռուսաստանին հետո Իրանի Խոյ և Սալմաստ գավառներից այստեղ հիմնադրված հայ ընտանիքները ավելացրին մարզի բնակչության քանակը: 

Քաղաքները Մարզի երեք քաղաքներն էլ`   Եղեգնաձորը, Ջերմուկը և Վայքը փոքր քաղաքներ են: Մարզկենտրոնը`   Եղեգնաձորը, պատմական Սյունիքի հնագույն բնակավայրերից է: Այն եղել է տարբեր հայ իշխանական տների աթոռանիստը: Ռուսաստանին միանալու պահին նա մի փոքր գյուղ էր, որն աճեց Պարսկաստանից գաղթած հայ ընտանիքների հաշվին: Նրա աճը նկատելի դարձավ 1931թ. հետո, երբ դարձավ վարչական շրջանի կենտրոն:Մարզում առանձնահատուկ տեղ է գրավում Ջերմուկ քաղաքը: Նա առաջնակարգ առողջարանի հռչակ ունի: Ամեն տարի քաղաքի սանատորիաներում իրենց առողջությունն են վերականգնում ու հանգիստ են անցկացնում Հայաստանի ու արտասահմանի հազարավոր քաղաքացիներ: Այստեղ է կատարվում հանրահայտ «Ջերմուկ» հանքային ջրի շշալցումը և առաքումը աշխարհի։ ՋՐԱԳՐԱԿԱՆ ՑԱՆՑԸ  Վայոց ձորի տարածքը մասնատված է բազմաթիվ գետակներով, գետերով, հովիտներով։ Հիմնական զարկերակը Արփա գետն է, որը մարզի տարածքում հոսում է 92կմ, 2080մ քառ. ջրահավաք ավազանով։ Արփան սկիզբ է առնում մարզի տարածքում` 3260մ բարձրությունից, Սյունիքի բարձրավանդակի հյուսիսարևմտյան լանջերից, թափվում է Արաքս գետը, Նախիջևանի տարածքում։ Այն հարուստ է վտակներով, որոնք տեղ-տեղ առաջացնում են սահանքներ և ջրվեժներ, որոնցից են Ջերմուկի (Ջրահարսի ջրվեժը) և Հերհերի ջրվեժները։ Ամենախոշոր վտակը Եղեգիսն է, որի հովիտը Վայոց ձորի գեղատեսիլ շրջաններից է, ինչպես նաև հատուկ պահպանվող տարածքներց մեկը։ Վայոց ձորի բոլոր գետերն ու գետակները սրընթաց են, արագահոս, ունեն մեծ անկում ու թեքություն և հարուստ են էներգետիկ պաշարներով։ Արփայի ջրերի մի մասը Սևանա լիճ փոխադրելու նպատակով կառուցվել է 48կմ երկարությամբ Արփա-Սևան ստորգետնյա ջրատար թունելը, որը սկիզբ է առնում Կեչուտի ջրամբարից։ Մարզում է գտնվում նաև Հերհերի ջրամբարը և էլի մի շարք փոքր լճեր և լճակներ, որոնք ունեն բնապահպանական և հանգստի գոտու նշանակություն։

Leave a Reply