Վիրուսներ

Վիրուսները մարդու, կենդանիների և բույսերի վարակիչ հիվանդությունների մանրագույն հարուցիչներ են: Հին ժամանակներից հայտնի են կատաղությունը, ծաղիկը, պոլիոմիելիտը, գրիպը, կարմրուկը, դեղին տենդը և այլ հիվանդություններ, որոնցից միլիոնավոր մարդիկ էին մահանում, իսկ հիվանդահարույց մանրէները հայտնաբերել չէր հաջողվում: Միայն 1892 թ-ին ռուս գիտնական Դ.Ի. Իվանովսկին հայտնաբերեց բակտերային զտիչից անցնող ախտածին այդ տարրը, որը հետագայում անվանեցին լատիներեն «վիրուս» (թույն) բառով:

 Ընկնելով օրգանիզմ՝ վիրուսները կպչում են իրենց նկատմամբ զգայուն բջիջներին և հանգստացող ձևից անցնում բազմացողի: Վիրուսի գալարն անմիջապես դեն է նետում իր թաղանթը, արագորեն թափանցում բջջի մեջ, և տեղի է ունենում զարմանահրաշ մի երևույթ` առաջանում են վիրուսի նոր մոլեկուլներ՝ տիրոջ բջիջն արտադրում է վիրուսային մասնիկների պատճեններ:

Վիրուսների հարուցած հիվանդությունները հեշտությամբ փոխանցվում են հիվանդներից առողջներին և արագ տարածվում: Երկար ժամանակ ենթադրվում էր, որ վիրուսներն առաջացնում են միայն սուր զանգվածային հիվանդություններ: 

Գոյություն ունեն նաև օգտակար վիրուսներ: Սկզբում առանձնացվել և փորձարկվել են բակտերիաները խժռող վիրուսները (բակտերիոֆագեր), որոնք կիրառվել են դիզենտերիայի, խոլերայի, որովայնային տիֆի ժամանակ, սակայն բակտերիաները շատ արագ հարմարվել են բակտերիոֆագերին և կորցրել զգայունությունը դրանց ազդեցության նկատմամբ: Հակաբիոտիկների հայտնագործումից հետո բակտերիոֆագերը կիրառվում են միայն բակտերիաների ճանաչման համար, քանի որ դրանք ճիշտ գտնում և արագ քայքայում են «իրենց բակտերիաներին»: Օգտակար են նաև ողնաշարավոր կենդանիներին ու միջատներին վարակող վիրուսները: Օրինակ` Ավստրալիայում գյուղատնտեսական մշակաբույսերը մորեխից արագ ոչնչացնող վայրի ճագարների դեմ  պայքարի նպատակով օգտագործված միքսոմատոզի վիրուսը 10–12 տարում ոչնչացրել է վարակված բոլոր կենդանիներին: Որպես վարակի տարածման աղբյուր՝ օգտագործել են վարակված մոծակներ: Հեռանկարային է նաև վիրուսների կիրառումը ճակնդեղն ու գազարն ախտահարող թրթուրների, ինչպես նաև տնային ցեցերի դեմ պայքարում:

Leave a Reply